ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սիմվոլ դառնում են գործը լավագույնս անելով

Սիմվոլ դառնում են գործը լավագույնս անելով
13.09.2016 | 10:36

Սեպտեմբերի 13-ին եռօրյա նիստերով աշխատանքներն է սկսում այս գումարման ԱԺ նախավերջին նստաշրջանը: Նստաշրջանի ու քաղաքական կյանքի իրադարձությունների մասին խնդրեցի իր տեսակետները ներկայացնել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին:

-Ձեր գնահատականով՝ նոր նստաշրջանը քաղաքական տարեսկիզբ կարելի՞ է համարել:
-Հինգերորդ գումարման ԱԺ-ի վերջին ամբողջական նստաշրջանի օրակարգը իսկապես գերհագեցած է պետականության ու երկրի զարգացման համար կարևորագույն ու անհրաժեշտ օրինագծերով: Նստաշրջանը աշնանային է, ուստի պիտի կատարի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված խնդիրները` քննարկի և հաստատի մի շարք ծրագրային փաստաթղթեր՝ գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի, մի շարք անկախ հանձնաժողովների գործունեության ծրագրերը: Դա պարտադիր մինիմումն է: Բացի դրանից՝ նստաշրջանի գերխնդիրն է ընդունել Սահմանադրությամբ նախատեսված կարևորագույն օրենքներ, որոնց փոփոխությունները գերակայություն են և անհրաժեշտ նախադրյալներ պիտի ստեղծեն քաղաքական համակարգի Սահմանադրությամբ նախատեսված փոփոխությունները իրականացնելու համար: Այդ գործընթացը սկսվեց 2016-ի սկզբից, երբ մենք ձեռնամուխ եղանք Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, դրան պիտի հաջորդեն մի շարք օրենքներ, այդ թվում Աժ կանոնակարգ oրենքը, որի համար ստեղծված աշխատանքային խումբը արդեն բավականին աշխատանքներ կատարել է և խորհրդարանին ներկայացրել նախագիծ, որը պիտի քննարկվի ու ընդունվի: Շրջանառության մեջ է «Կուսակցությունների մասին» օրենքը, առաջին ընթերցմամբ ընդունված «Հարկային օրենսգիրքը», որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել բովանդակային քննարկումները: Ընտրական օրենսգրքի շուրջ ամառվա ընթացքում կատարվող աշխատանքային գործընթացները հուշում են, որ այս նստաշրջանում մենք այդ թեմային նորից կանդրադառնանք: Բնականաբար, կլինեն ընթացիկ օրենսդրական աշխատանքներ, որոնք, փորձը ցույց է տվել, նախընտրական շրջանում առավել ակտիվանում են և ունեն պոպուլիստական բնույթ: Մի խոսքով, օրենսդրական աշխատանքի իմաստով այս նստաշրջանը շատ հագեցած է լինելու:
-Ընտրական օրենսգիրքը քննարկելը դեժավյու չի՞ դառնում:
-Դուք գնահատեք ոչ թե կրկնությունը, այլ՝ իշխանության և ընդդիմության միջև ձեռքբերված համաձայնությունը Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ: Գնահատեք իշխանության պատրաստակամությունը, քաղաքական կամքը՝ գնալու անգամ իր համար սկզբունքորեն անընդունելի քայլերի հանուն իրականում արդար ընտրությունների, հանուն հանրային վստահության մթնոլորտի: Ի՞նչ ասել է դեժավյու, եթե գարնանային նստաշրջանում կատարված քննարկումների ժամանակ հստակ ասվել էր, որ ընտրողների մատնահետքերի դրոշմման կետը կգործի անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների առկայությամբ, որի համար ֆինանսներ ու ժամանակ է պետք: Ընտրողների ցուցակների հրապարակումը այն կետն էր, որ մեր ընդդիմադիր գործընկերների պնդումներով ապահովելու է ընտրություններում ՛՛կեղծիքների ծավալների կրճատումը՛՛: Թեպետ երբեք համաձայն չեմ եղել, որ ընտրակեղծիքները նկարագրված ծավալներն ունեն: Ընդունեք կարևորագույնը՝ իր ձեռնարկած քայլերով Հայաստանի իշխանությունը երկրում կատարում է համակարգային փոփոխություններ՝ նպատակ ունենալով զարգացումը և առաջընթացը, իսկ թե քաղաքական ուժերն ինչ գնահատականներ են տալիս, ոչ միայն իրենց ազատ արտահայտվելու իրավունքն է, այլև բխում է նախընտրական տրամադրություններից: Իվերջո, նրանք չեն կարող ընդունել իշխանության գերազանցությունը իրենց նկատմամբ ու պահանջել, որ ժողովուրդն իրենց ընտրի: Ընդդիմադիր քաղաքական ուժերը սովորաբար գնում են ճանապարհի կեսը ու կանգ են առնում՝ նրանք քննադատում են իշխանությանը, իսկ սեփական ծրագրերով իշխանությանն այլընտրանք դառնալը թողնում են ընտրողի երևակայությանը: Դա, կարծում եմ, այնքան էլ արդյունավետ ճանապարհ չէ:
-Սեպտեմբերին քաղաքական կուրս փոխելը Հայաստանում ավանդո՞ւյթ է դառնում:
-Եթե նկատի ունեք վարչապետի փոփոխությունը, համաձայն չեմ, որ քաղաքական կուրս է փոխվում: Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիները, ինքներդ էլ գիտեք, թե ինչ դժվարություններով և բարդություններով զուգորդվեցին, այնուամենայնիվ, Հայաստանում չեղան լուրջ ցնցումներ, ինչպես մի շարք երկրներում, բավականին կնճռոտ խնդիրներ լուծվեցին, իսկ դա վարչապետի և կառավարության բարդ պայմաններում ճկուն աշխատանքի արդյունք է: Այո, կան ու մնում են չլուծված խնդիրներ, իսկ ո՞ր երկրում չկան: Ես կարծում եմ, որ փոփոխությունները լինելու են մեր հասարակության սպասված փոփոխությունները ՝ դեպի ավելի արդյունավետ կառավարում, նոր մոտեցումներով ու նոր մարդկանցով:
-Կառավարության կազմում մե՞ծ փոփոխություններ են լինելու:
-Կառավարության կազմի փոփոխությունները ինքնանպատակ չեն: Հիմա տեղին չի լինի, որ խոսենք, թե Կարեն Կարապետյանը ի՞նչ ծրագիր է ներկայացնելու և այդ ծրագիրը կատարման համար ի՞նչ փոփոխություններ է պահանջելու: Ամեն ինչ իր ժամանակին բոլորդ կիմանաք: Հասկանում եմ, որ լրագրողներին միշտ հետաքրքրում են անուններ, փաստեր ու իրադարձություններ, բայց կարծում եմ, որ ժամանակն է այդ մակերեսին սահելու փոխարեն խորքը նայելու ու պատճառները տեսնելու:
-Այո, բայց Դուք էլ ընդունեք, որ Հայաստանում քաղաքական տրամաբանությունը և քաղաքական իրականությունը իրար չեն հանդիպում կամ քիչ են հանդիպում:
-Բոլորովին, այդ տեսակետը ձևավորվում է ընդամենը իշխանության գործողությունների պատճառները ու նպատակները չպարզելու կամ, որ ավելի հաճախ է լինում, աղավաղելու հետևանքով: ՀՀԿ-ն գնում է իր հայտարարած հստակ ճանապարհով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հիշեցրեց, որ ՛՛սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցառում՝ պայմանավորված առաջին հերթին քաղաքական իրավիճակով և անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրների հրամայականով՛՛, մինչդեռ այդ բարեփոխումները վերաբերում են բոլորիս ու ամեն ինչին: Բայց այդ ամեն ինչի մեջ պետք է խորանալ՝ հասկանալու նպատակն ու ընթացքը:
-ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը նշեց Հովիկ Աբրահամյանի կառավարության լավ աշխատանքը ու նրան շատ-շատ շնորհակալություն հայտնեց, այդ դեպքում ինչու՞ են շրջադարձին ձիերին փոխում:
-Իսկ Դուք ակնկալում էիք, որ վարչապետը հրաժարականից հետո պիտի հեռանա՞ երկրից: Հայաստանում հաստատվում է քաղաքակիրթ քաղաքական մշակույթ: Կատարված աշխատանքի գնահատականը նորմալ քաղաքական դրսևորում է, շնորհակալություն հայտնելը՝ առավելևս: Երկիրը մի փուլից անցնում է նոր փուլի, որտեղ պետք է էական փոփոխություններ լինեն և ՀՀԿ-ի միաձայն աջակցությունը ստացած Կարեն Կարապետյանը, ինչպես նախագահն ասաց, ՛՛կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն՛՛:
-Նախագահը ասաց, որ Կարեն Կարապետյանը պիտի դառնա փոփոխությունների սիմվոլ: Մեզ սիմվոլնե՞ր են պետք, թե՞ գործ:
-Սիմվոլ դառնում են գործը լավագույնս անելով, և Դուք դա շատ լավ գիտեք:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ